USD383.05EUR444.8RUB4.7296

ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներիի կիրառումը ՌԴ նկատմամբ. ACAS

Հոկտեմբերի 22-ին, ԱՄՆ-ը հայտարարեց ռուսական երկու ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկօյլ»-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին, պայմանավորված «Ուկրաինայի պատերազմը վերջ տալու և խաղաղություն հաստատելու՝ Ռուսաստանի լուրջ հանձնառություններ ստանձնելու պակասի հետ»։ Այս քայլը միտված է ստիպելու Ռուսաստանին ներգրավել «բարեխիղճ բանակցություններում»։  

Սրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ, նախագահ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ, որը Թրամփը բնութագրել էր որպես «արդյունավետ»։ Ըստ Թրամփի զրույցի ընթացքում քննարկվել էին ՌԴ-ԱՄՆ առևտրային համագործակցության հնարավորությունները ուկրաինական պատերազմի ավարտին և պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել Բուդապեշտում՝ «տեսնելու, թե արդյոք կարելի է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անփառունակ պատերազմին»։ Սակայն, այս հանդիպումը չեղարկվեց, Թրամփի կողմից և զուգակցվեց նոր պատժամիջոցների կիրառմամբ։ 

Մամուլում նաև տարածվել էր տեղեկություն, որ Թրամփի վարչակազմը վերացրել էր որոշ հեռահար հրթիռների կիրառման արգելքը, թույլ տալով հարվածներ հասնել Ռուսաստանի ներսում և մեծացնել ճնշումը ՌԴ-ի նկատմամբ։ Հոկտեմբերի 21-ին ուկրաինական ուժերը կիրառելով «Storm Shadow» հրթիռները հարվածեցին Բրյանսկի քիմիական գործարանին։ Սակայն Թրամփը ԱՄՆ-ի կողմից հեռահար հրթիռների արգելքի վերացումը որակեց որպես կեղծ լուր՝ նշելով, որ ԱՄՆ-ը կապ չունի այդ հրթիռների հետ։

Ուկրաինայում պատերազմը վերջ տալը Թրամփի արտաքին քաղաքական գլխավոր նպատակներից մեկն է, ինչի մասին նա բարձրաձայնում էր դեռ նախընտրական իր քարոզարշավի ընթացքում, պնդելով, որ վերջ կտա պատերազմին մեկ օրվա ընթացքում և որ այս պատերազմը ընդհանրապես չէր սկսվի, ինչի հետ համաձայնել էր անգամ Պուտինը, օգոստոսին երկու նախագահների միջև կայացած հանդիպման ժամանակ։ Սեպտեմբերին Միացյալ Թագավորություն կատարած իր այցի ընթացքում անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը՝ ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին լրագրողներին հայտնեց, որ չէր ակնկալում,որ  Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծումն այդքան դժվար կլինի, և հիասթափություն հայտնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Թրամփի խոսքերով՝ նա կարծում էր, որ «ավելի հեշտ կլինի՝ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունները հաշվի առնելով, բայց նա հիասթափեցրեց ինձ: Նա իսկապես հիասթափեցրեց ինձ»: Միացյալ Թագավորության վարչապետ Սթարմերը փոխարենը շեշտեց նախագահ Պուտինի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։

Միայցյալ Նահանգները շարունակում է Ռուսաստանի նկատմամբ կիրառել որոշակի ճնշումներ, սակայն միևնույն ժամանակ չի փակում բանակցությունների հնարավորության պատուհանը՝ Բայդենի վարչակազմի օրինակով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին չդադարեցնելով և պահպանելով համագործակցությունը մի շարք ոլորտներում, որոնք կենսական նշանակություն ունեն նաև Միացյալ Նահանգների համար։ Խոսքը վերաբերում է գլոբալ անվտանգության խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև միջազգային հանցագործությունների դեմ պայքարին և այլ ոլորտներին։

Այս առումով հետաքրքրական է «տոմահավկ» հրթիռների մասով Թրամփի դիրքորոշումը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ցանկանում էր ԱՄՆ-ից ստանալ այդ հրթիռները՝ կիրառելու ռուսական նավթագազային ենթակառուցվածքների նկատմամբ, ինչը կթուլացներ ՌԴ դիրքերը։ Սակայն Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո Թրամփի հետ Զելենսկիի հանդիպման ընթացքում այս մասով հաջողության հասնել չէր հաջողվել։ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար  Մարկ Ռյուտենի հետ հանդիպման ընթացքում էլ Թրամփը նշեց, որ առնվազն կես տարի է անհրաժեշտ այդ հրթիռները կիրառել սովորելու համար։ Այսինքն, դա է այդ հրթիռները կիրառելու միակ տարբերակը, եթե ամերիկյան որոշի կողմը դա անել, իսկ ԱՄՆ-ը դա չի անի, և չի սովորեցնի ուրիշներին, թե ինչպես կիրառել այդ հրթիռները։ Ուստի, դրա փոխարենը ԱՄՆ որոշեց դիմել պատժամիջոցների կիրառմանը։ Այդուհանդերձ, նախագահ Թրամփը վստահ չէ, որ այս քայլը կստիպի ՌԴ-ին նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց որոշակի ազդեցություն այդ պատժամիջոցները կունենան։ Ըստ Թրամփի կարևոր գործոն է նաև այն, որ շատ մեծ ատելություն կա Զելենսկիի և Պուտինի միջև, և պատժամիջոցների արդյունքում հույս կա, որ երկու կողմերն էլ կդառնան առավել ողջամիտ։

Թրամփը անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և դա միայն այն պատճառով չէ, որ ցանկանում է խաղաղություն հաստատել տարբեր կոնֆլիկտներում։ Խնդիրը նաև Չինաստանի հետ գլոբալ մրցակցությունն է, և Թրամփի վարչակազմում հասկանում են, որ Ռուսաստանի դեմ կիրառվող անհամաչափ ճնշումները կարող են ավելի սերտացնել Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները, ինչը հակասում է Միացյալ Նահանգների կենսական շահերին։

Չնայած նոր պատժամիջոցների կիրառմանը, ԱՄՆ-ը կողմը շարունակում է արտահայտել իր հետաքրքրվածությունը ԱՄՆ-ՌԴ հանդիպումներում։ Ըստ պետքարտուղար Ռուբիոյի չնայած Բուդապեշտի հանդիպման չեղարկմանը, իրենք դեռ ցանկանում են հանդիպել ռուսների հետ, և իրենք բավական լավ զրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ։ Ըստ Ռուբիոյի ԱՄՆ-ը միշտ հետաքրքրված կլինի ներգրավվելու, եթե խաղաղության հասնելու հնարավորություն լինի։ 

Հետևաբար կարելի է եզրակացնել, որ սա Թրամփի գլոբալ քաղաքականության հատվածային դրսևորում է, որը նպատակ ունի ամրապնդել Միացյալ Նահանգների բանակցային դիրքերը այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ դեռևս չի ձեռք բերվել համաձայնություն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ