Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գործող «Գրեգորիան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրամասի արտադրական գործունեությունը։
Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, ստուգումները կատարվել են Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից, և արձանագրվել են մի շարք խախտումներ՝ կապված հիգիենիկ և տեխնոլոգիական պահանջների չպահպանման հետ։
Հիմնական խախտումներն են․
- Արտադրական շինության կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի հոսքերի խաչաձևումը,
- Չեն կանխարգելվել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումները,
- Շինություններում գոյություն են ունեցել կեղտի կուտակումներ, կոնդենսատ և բորբոս,
- Գինու մզվածքը պատրաստվել է բաց տարածքում, առանց աղտոտումից պաշտպանելու պայմանների,
- Գինու հասունացման սենյակի և պահեստային հատվածի առաստաղներն ու պատերը վնասված են եղել,
- Որոշ տարաներ չեն համապատասխանում հիգիենայի պահանջներին և պահվել են ոչ բարվոք վիճակում։
Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար, որից հետո միայն հնարավոր կլինի վերականգնել արտադրական գործունեությունը։