USD382.55EUR440.47RUB4.7293

Բացահայտվել են Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից 21 հողատարածքների ապօրինի օտարման դեպքեր․ համայնքին պատճառված 49 մլն դրամը վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Աբովյան համայնքի նախկին ղեկավարը 2015-2021 թթ. ընթացքում ապօրինի կերպով օտարել է համայնքին պատկանող 21 հողատարածք, որոնք գտնվում էին սահմանափակումների գոտում և համարվել են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ։

Նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, հողատարածքներն օտարել է ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով՝ խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները։

Բացի այդ, նախկին ղեկավարը և համայնքապետարանի աշխատակիցը կազմել և շրջանառության մեջ են դրել կեղծ աճուրդային արձանագրություններ, որտեղ ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ աճուրդների անցկացման և մասնակիցների վերաբերյալ։ Նախաքննությամբ պարզվել է, որ մի շարք աճուրդներ փաստացի չեն կայացել, իսկ մասնակցի ստորագրությունները կեղծվել են։

Աբովյան համայնքին պատճառվել է էական նյութական վնաս, որը գնահատվել է տասնյակ միլիոնավոր դրամներով։ Դրա մի մասը՝ 49 մլն 178 հազար դրամը, նախաքննության ընթացքում արդեն վերականգնվել է։

Հանցագործության համար Աբովյանի նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի

  • 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում, 21 դրվագ),
  • 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք, 6 դրվագ) և
  • 196-րդ հոդվածի 1-ին մասով (գույքային վնաս, 2 դրվագ)։

Նրան օժանդակած համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով՝ համապատասխան դրվագներով։

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

📌 Ծանուցում. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ