USD382.57EUR439.34RUB4.7033

Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները դեպի Երևան, Գյումրի և Թուրքիայի քաղաքներ. Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ հարաբերությունները հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ ունեցած իրավիճակին, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» միջազգային համաժողովի ընթացքում։

Նախարարը նշեց, որ Ադրբեջանի հետ Հայաստանը ներկայումս ունի կառավարությունների մակարդակով հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ և շարունակվող գործընթաց, մինչդեռ Թուրքիայի հետ իրավիճակը տարբեր է․

«Թուրքիայի պարագայում ճիշտ հակառակն է։ Տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ, այնուամենայնիվ, այցելել են իրար, առևտուր է եղել, պարզապես այն իրականացվել է երրորդ երկրների միջոցով։ Թռիչքներ եղել են և այսօր էլ կան», — ընդգծեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այժմ պայմանավորվածություն կա ավելացնել ավիաթռիչքների քանակը՝ ոչ միայն դեպի Երևան և Գյումրի, այլև դեպի Թուրքիայի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Ստամբուլ և հնարավոր է՝ Անկարա։

«Թուրքիայի հետ խնդիրը մնում է փակ սահմանը և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Սակայն պետք է արձանագրեմ, որ այսօր ունենք շատ ինտենսիվ և բովանդակային քաղաքական երկխոսություն», — հավելեց նախարարը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ