Նոյեմբերի 10-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) ներկայացուցիչ Ջորջ Ախալկացին, Ասիական Զարգացման Բանկի (ADB) Վրաստանի գրասենյակի ավագ ներդրումային մասնագետ Ժուժաննա Գաբրիելլա Դ. Մոսնիեն և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ՀՀ-ում ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական ղեկավարությունը և միջազգային բանկերի հետ աշխատող մասնագետներ։
Հանդիպման ընթացքում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական փաստաթղթերի, աուդիտորական եզրակացությունների և վարկային պայմանագրերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2025 թվականներին ՀԷՑ-ը տրամադրել է երաշխավորություններ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 690 մլն ԱՄՆ դոլարի, այդ թվում՝ «Տաշիր» խմբի մի շարք առևտրային ընկերությունների համար, որոնք իրականացվել են առանց ՀԾԿՀ-ի համաձայնության։
Ժամանակավոր կառավարիչը հավաստիացրել է, որ ՀԷՑ-ը շարունակելու է սահմանված ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների սպասարկումը։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը, պարբերաբար կկիսվեն ընթացիկ տեղեկատվությամբ և կաշխատեն համագործակցության առկա խնդիրների լուծման ուղղությամբ։