Անձը կհամարվի պատշաճ ծանուցված նաև առանց նամակի ստացման
Ազգային ժողովի նոյեմբերի 11-ի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ։
Նախարարի խոսքով՝ ֆիզիկական անձինք ծանուցումներ կստանան հատուկ էլեկտրոնային հարթակում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով մուտք գործելուց հետո։ Եթե անձը մուտք չգործի համակարգ, ծանուցումն ավտոմատ կերպով կուղարկվի հիբրիդային առաքանու միջոցով՝ փոստային ծրարով նրա հաշվառման հասցե։
Գալյանը նշեց, որ եթե այդ եղանակով ուղարկելուց հետո 7 օր անց անձը չստանա կամ հրաժարվի ստանալ նամակը, ծանուցումն ավտոմատ կերպով կհրապարակվի azdarar.am կայքում։
Այդ պահից սկսած՝ ծանուցումից 7-րդ օրը անձը համարվելու է պատշաճ ծանուցված։
Նոր համակարգով ոչ միայն պետական մարմինները, այլև իրավաբանական անձինք և ԱՁ-ները կկարողանան ծանուցել քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով։
Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ համակարգը կնպաստի ծանուցումների արագ և արդյունավետ իրականացմանը՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ անձինք կարող են շարունակել խուսափել ծանուցումից։