Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անդրադարձել է ՀԷՑ-ին բաշխման լիցենզիայի դադարեցումից հետո առաջացած ռիսկերին՝ ընդգծելով, որ դրանք կառավարելի են․
«Այդ ռիսկերը կառավարելի են, և ըստ էության՝ մոտ 4 ամիս ՀԷՑ-ը գործում էր նախկին լիցենզիայի ուժով։ Ոչ ոք չի կարող ապացուցել, որ նոր կառավարչի նշանակմամբ ընկերությունը ավելի վատ վիճակում հայտնվեց»,— նշեց Մեսրոպյանը՝ հավելելով, որ վերջին այցի ընթացքում Թուրքիայում ևս շոշափվել են այս հարցերը։
Մեսրոպյանի խոսքով՝ վերջին օրերին անցկացված ակցիաներում ու ֆլեշմոբերում հնչած պնդումները, թե «Տաշիր» խումբը կամ ՀԷՑ-ը խոստացել էր սակագինը մինչև 2031 թվականը չբարձրացնել, կեղծ են․
«ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնողը կամ իջեցնողը բացառապես ՀԾԿՀ-ն է։ Սակագնի փոփոխությունը կախված է ֆինանսական տարվա ցուցանիշներից»։
Նա նշեց, որ հանձնաժողովը ներկայում գտնվում է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման փուլում։
Սակագնի հնարավոր փոփոխությունը կախված է այն ծախսային կամ եկամտային գործոններից, որոնք կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ հաշվարկների վրա։
Մեսրոպյանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է Աണվային էլեկտրակայանի վերանորոգումը երկարացնել մինչև 5 ամիս, այսինքն՝ 2 ամսվա փոխարեն 3 ամսով ավելի երկար այն չի գործելու։ Սա նույնպես կարող է ազդեցություն ունենալ սակագնային հաշվարկների վրա։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ որոշմամբ ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան դադարեցվել է։