Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Նուբարաշենի աղբավայրում վերջին օրերին իրականացվել են ենթակառուցվածքների բարելավման լայնածավալ աշխատանքներ։
Համայնքային նիստում ներկայացված հաշվետվության համաձայն՝ աղբավայրի տարածքում առանձնացվել է շուրջ 5000 քմ հատված, որի վրա կառուցվել է հատուկ հարթակ՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեքենաների անխափան մուտքն ու աղբի կանոնավոր բեռնաթափումը ապահովելու համար։
Բացի այդ, իրականացվել են արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, և տարածքում սահմանվել է մշտական վերահսկողություն, ինչը կանխում է կողմնակի անձանց մուտքը աղբավայր։
Լուսավորության բարելավման նպատակով «Երքաղլույս» ընկերությունը անցկացրել է նոր լուսավորական ցանց․ տեղադրվել են 29 հենասյուներ լուսատուներով, ինչի արդյունքում աղբավայրի ողջ տարածքը լիովին լուսավորվում է։
Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ աղբավայրում տեսահսկման համակարգի տեղադրման աշխատանքներն ընթանում են, ինչը թույլ կտա ապահովել ավելի բարձր կարգապահություն և վերահսկողություն տարածքում։