Կառավարությունը քննարկում է նոր որոշման նախագիծ, որով 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 300 հազարի փոխարեն կդառնա 500 հազար դրամ։ Այս մասին նոյեմբերի 20-ի նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Ներկայումս նպաստի չափը կախված է երեխայի կարգաթվից․
- 1-ին և 2-րդ երեխա՝ 300 000 դրամ
- 3-րդ և 4-րդ երեխա՝ 1 000 000 դրամ
- 5-րդ և հաջորդ՝ 1 500 000 դրամ
Նախարարի խոսքով՝ նոր առաջարկը հիմնված է միջազգային փորձի և այն տրամաբանության վրա, որ ծննդյան պահի ծախսերը բոլոր ընտանիքների համար նույնն են, անկախ երեխայի կարգաթվից։ Այդ պատճառով առաջարկվում է համակարգը համահարթեցնել՝ սահմանելով բոլոր երեխաների համար 500 000 դրամ։
Թորոսյանը նշեց, որեմն եղել են դեպքեր, երբ ընտանիքները 5-րդ և հաջորդ երեխան ունենում են հենց բարձր նպաստի պատճառով, սակայն հետո բարդություններ են ունենում խնամքի և դաստիարակության հետ կապված։ Նոր մոտեցումը նպատակ ունի խուսափել այս երևույթից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս փոփոխությամբ․
- 1-ին երեխայի գումարը բարձրանում է 200 000 դրամով,
- 2-րդ երեխայի գումարը նույնպես բարձրանում է 200 000 դրամով,
- 3-րդ և հաջորդ երեխաների համար պահպանվում է ամսական 50 000 դրամի աջակցությունը, գումարած նոր 500 000 դրամ միանվագ նպաստը։
«Փաստացի, բոլորի դեպքում էլ աջակցության ծավալը մեծանում է», — ասաց վարչապետը։
📅 Կարգավորումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։