Firebird արհեստական բանականության ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման թույլտվությունը և պաշտոնապես հաստատել է իր տեխնոլոգիական գործընկերությունը Dell Technologies-ի հետ։ Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ընկերության ներկայացրած հայտարարության համաձայն՝ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև մի շարք պետական ու մասնավոր դերակատարների աջակցությամբ։
🔹
500 միլիոն դոլարի ներդրում՝ ԱԲ գերհամակարգչի համար
Firebird-ը ԱՄՆ արտահանման լիցենզիայի ստացման հետ միասին հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 մլն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց նախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջանում ստեղծել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգիչ և համապատասխան ենթակառուցվածք։
Գերհամակարգիչը կաշխատի Dell Technologies PowerEdge բարձր արդյունավետությամբ սերվերներով և NVIDIA Blackwell GPU-ներով՝ հնարավորություն տալով Հայաստանում ու տարածաշրջանում գործարկել մեծածավալ ԱԲ մոդելներ, գիտահետազոտական աշխատանքներ և ձեռնարկային լուծումներ։
🔹
Գործարկումը՝ 2026-ի առաջին կեսին
Նախագծի առաջին փուլը նախատեսված է գործարկել 2026-ի առաջին կեսին, ինչով Հայաստանը կդառնա ԱԲ նորարարության առաջատար կենտրոն՝ հատկապես կենսատեխնոլոգիաների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով։
🔹 Գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյան
«Մեր նպատակն է՝ առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին ընդհանուր բարիքի համար։ Հայաստանն այս ներդրմամբ ստանում է թվային և ԱԲ զարգացման հիմնարար ենթակառուցվածք»։
🔹 Համահիմնադիր Ալեքսանդր Եսայան
«Հայաստանում ձևավորում ենք ժամանակակից թվային էկոհամակարգի հիմքեր, որը կբարձրացնի մասնագիտական ներուժը և կբերի գլոբալ նորարարություն։ Սա ԱՄՆ–Հայաստան գործընկերության փայլուն օրինակ է»։
🤝
ԱՄՆ–Հայաստան պետական-մասնավոր համագործակցություն
Նախագծի իրականացումը դարձել է հնարավոր հետևյալ կառույցների աջակցությամբ՝
- ՀՀ կառավարություն
- ԱՄՆ կառավարություն
- ԱՄՆ Առևտրի նախարարություն (BIS)
- ԱՄՆ Պետքարտուղարություն
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
- Enterprise Armenia
Այս համագործակցությունն ուղղակի շարունակություն է ԱՄՆ–Հայաստան արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հուշագրին։