ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple-ի Կուպերտինոյի կենտրոնակայան և հանդիպում ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված արհեստական բանականության (ԱԲ) և կիսահաղորդիչների ոլորտի նորարարական համագործակցության հուշագիրը, ինչպես նաև ընդգծել Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։
Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։ Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր ընդլայնման ուղիները։
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Ջ. Լունդգարդին՝ Apple-ի առաջին կրթական ծրագիրը Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում (ACT) գործարկելու համար և կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը կրթական ծրագրերի ընդլայնման ուղղությամբ։