Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ թվայնացնել բնակության թույլտվությունների տրամադրման գործընթացը։ Եթե ներկայում առցանց հասանելի է միայն աշխատանքային բնակության թույլտվության դիմումը, ապա նոր համակարգը կներառի բոլոր կատեգորիաները, այդ թվում՝ ամուսնության հիմքով և այլ իրավական հիմքերով տրվող թույլտվությունները։
Փոխնախարարը նշել է, որ գործընթացի թվայնացումը կկրճատի հերթերը և կնվազեցնի վարչական ծանրաբեռնվածությունը։
Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել պետական տուրքերը․
- Ժամանակավոր բնակության թույլտվության համար` 105,000 → 150,000 դրամ,
- Մշտական բնակության թույլտվության համար` 140,000 → 250,000 դրամ։
Փոփոխությունները գտնվում են մշակման փուլում և ուժի մեջ կմտնեն դրանց հաստատումից հետո։