ՀԷՑ-ում օրերս ամփոփվել է հերթական բաց և թափանցիկ մրցութային գնման գործընթացը՝ բաշխիչ ցանցին միացման (նոր միացումների) կապալի աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով՝ մրցույթին մասնակցել են չորս լիցենզավորված ընկերություններ, և գնառաջարկների ուսումնասիրությունից պարզվել է, որ ամենամրցունակ գինն առաջարկել է այն նույն կազմակերպությունը, որը վերջին տարիներին մենաշնորհային պայմաններով իրականացնում էր ՀԷՑ-ի բոլոր ներդրումային ծրագրերի տեխնիկական հսկողությունը։
Նա նշում է, որ տարիներ շարունակ այդ ընկերությունը ծառայություններ է մատուցել նախահաշվային արժեքից ընդամենը 1,5% զեղչով, մինչդեռ ՀԷՑ-ի կողմից կազմակերպված բաց մրցույթում կարողացել է հաղթել միայն վերասակարկության արդյունքում՝ առաջարկելով արդեն 42% զեղչ։
Պետրոսյանի տվյալներով՝ միայն 2024 թվականին ՀԷՑ-ը նշված ընկերությանը տեխնիկական հսկողության ծառայությունների դիմաց վճարել է ավելի քան 206 մլն դրամ։ Եթե նույն մրցակցային գործընթացները կիրառվեին նախկինում, ապա միայն այդ տարվա տվյալներով կլիներ ավելի քան 83,5 մլն դրամ խնայողություն։
«Ահա այսպիսի տնտեսավարում էր ՀԷՑ-ում իրենց ձևով տարիներ շարունակ։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,– ընդգծել է Պետրոսյանը։