Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց որոշման նախագծի, որով 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ կատարվում են փոփոխություններ և լրացումներ։ Դրանք նախատեսում են, որ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների առաջին կուրս ընդունված ուսանողները 2025-2026 ուսումնական տարում նույնպես կստանան ուսման վարձի փոխհատուցում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նախագծի համաձայն՝ փոխհատուցում կտրամադրվի․
• Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (բակալավրիատ, առկա, վճարովի) առաջին կուրս ընդունված շուրջ 240 ուսանողի,
• Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված շուրջ 75 սովորողի։
Ո՞վքե՛ր կարող են ստանալ փոխհատուցումը
Բուհերի ուսանողները կշարունակեն օգտվել փոխհատուցումից մինչև իրենց կրթական ծրագրի ավարտը, եթե յուրաքանչյուր կիսամյակ ապահովեն առնվազն 75 տոկոս և ավելի միջին առաջադիմություն։
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողները փոխհատուցում կստանան այն դեպքում, երբ նախորդ կիսամյակում իրենց գնահատականների առնվազն 50 տոկոսը լինեն «լավ» կամ «գերազանց»։
Ո՞վքեր են արդեն օգտվել այս ծրագրից
Մինչ այս փոխհատուցում ստացել են այն ուսանողները, ովքեր Ղարաբաղից բռնի տեղահանվելով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը դիմել և ընդգրկվել էին Հայաստանի բուհերի վճարովի համակարգում, ինչպես նաև 2024-2025 ուսումնական տարում պետական բուհերում առաջին կուրս ընդունված ուսանողները։
Քանի՞ ուսանող կօգտվի ծրագրից
Ընդհանուր առմամբ, 2025-2026 ուսումնական տարում ուսման վարձի փոխհատուցում կստանան շուրջ 870 ուսանող, եթե բավարարեն առաջադիմության սահմանված շեմը։