47-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ) աճը։ Ինչպես տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.2 անգամ։
Ընդհանուր գրանցված դեպքերի 80%-ը կազմում են 0-18 տարեկանները, ինչը վկայում է մանկական և պատանեկան խմբերի բարձր հիվանդացության մասին։
Այս փուլում Հայաստանում շրջանառվում են՝
- գրիպ A (H3N2) ենթատեսակի վիրուսները,
- ինչպես նաև ռինովիրուս, բոկավիրուս, ադենովիրուս և պարագրիպի հարուցիչներ։
«Համաճարակային ֆիլտր» դպրոցներում և մանկապարտեզներում
ՍՇՎ սեզոնի ընթացքում նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում գործում է «համաճարակային ֆիլտր» մեխանիզմը։ Եթե բացակայությունների ցուցիչը գերազանցում է սահմանված շեմը, տվյալ ուսումնական հաստատությունը ժամանակավորապես անցնում է տնային ուսուցման։
Նոյեմբերի 28-ի դրությամբ՝ ընդհանուր 55 635 բացակայություններից 8 064-ը պայմանավորված են սուր շնչառական վարակներով (14.4%)։ Դրանցից 104 դեպք հայտնաբերվել է հենց «համաճարակային ֆիլտրի» միջոցով և ուսանողները/սաները ուղարկվել են տուն։
ՀՎԿԱԿ-ի հորդորները
Վարակներից, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում՝
- պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա կամ ամբուլատոր կենտրոն,
- խուսափել հիվանդների հետ շփումից,
- ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը,
- երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ հիվանդության նշանների դեպքում,
- հրավիրել տեղամասային բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
- չօգտագործել հակաբիոտիկներ՝ առանց համապատասխան ցուցման,
- հագնվել եղանակին համապատասխան,
- պահպանել հազի ու փռշտալու վարվելակարգը,
- օգտագործել բավարար հեղուկներ և հաճախակի օդափոխել փակ տարածքները,
- պահպանել անձնական հիգիենան։