Բրյուսելում տեղի ունեցած Գործընկերության խորհրդի նիստից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ստորագրել են ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերության նոր օրակարգը։ Փաստաթուղթը խորհրդանշում է երկկողմ հարաբերությունների զարգացման նոր, ավելի խորքային փուլ և փոխարինում է 2017 թվականից գործող համագործակցության առաջնահերթություններին՝ առաջարկելով համագործակցության ավելի հավակնոտ և երկարաժամկետ ձևաչափ։
Նոր օրակարգը հիմնված է CEPA-ի դրույթների վրա և ամրագրում է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնել քաղաքական, տնտեսական և ոլորտային կապերը ԵՄ-ի հետ։ Փաստաթուղթը ընդգրկում է լայն ոլորտներ՝ ժողովրդավարությունից և օրենքի գերակայությունից մինչև արդարադատության բարեփոխումներ, թվային փոխակերպում, էներգետիկ անվտանգություն, առևտրի դիվերսիֆիկացում, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ընդլայնված համագործակցություն։
Կարևոր շեշտադրում է դրվում կապի զարգացման վրա՝ տրանսպորտային, թվային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավմամբ։ Օրակարգում առանձնացվում է ԵՄ «Գլոբալ դարպաս» նախաձեռնության ներդրումների նշանակությունը, ինչպես նաև «Աշխարհի խաչմերուկ» նախագծի դերը տարածաշրջանային կապերի, տնտեսական դիմադրողականության և առևտրային նոր հնարավորությունների ուժեղացման հարցում։
Փաստաթուղթը ներառում է կարճաժամկետ (3–4 տարի) և միջնաժամկետ (մինչև 7 տարի) առաջնահերթություններ, որոնք միտված են մեծացնել Հայաստանի դիմադրողականությունը և բարելավել քաղաքացիների կյանքի որակը։ ԵՄ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակել տեխնիկական և ֆինանսական աջակցությունը «Դիմադրողականության և աճի ծրագրի» շրջանակում՝ նպաստելով բարեփոխումների արագացմանը։
Օրակարգում առանձին տեղ է հատկացված շարժունակությանը՝ ներառյալ ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը։ Միությունն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կրկին հաստատել է իր աջակցությունը տեղահանված ղարաբաղցի հայերի սոցիալական և տնտեսական ինտեգրման հարցում։
Կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը անվտանգության, ճգնաժամերի կառավարման, հիբրիդային սպառնալիքների հաղթահարման և կիբերդիմադրողականության ուղղությամբ՝ արձանագրելով փոխադարձ պատրաստակամություն այս ոլորտներում միասնական գործողությունների համար։