USD381.2EUR444.44RUB4.9035

Թուրքիայի ֆինանսական շուկայում կրկին մեծ սկանդալ է՝ աննախադեպ երկարատև ազատազրկման պատժաչափերով

Թուրքիայի ֆինանսական շուկայում կրկին մեծ սկանդալ է՝ աննախադեպ երկարատև ազատազրկման պատժաչափերով։ Ստամբուլում գործող DenizBank-ի մասնաճյուղի ղեկավարին դատապարտել են 102 տարի, 2 ամիս և 2 օր ազատազրկման՝ բազմակի խարդախության և փաստաթղթերի կեղծման համար, որը իրականացվել է «գաղտնի բարձր եկամտաբեր ֆոնդի» սխեմայի շրջանակում։ Պատժաչափը, իհարկե, առավելապես խորհրդանշական է՝ «ուրիշներին դաս լինելու համար»։

Ըստ մեղադրանքի, Էրզանը տարիներ շարունակ VIP-հաճախորդներին առաջարկել է «Ֆաթիհ Թերիմի գաղտնի ֆոնդը» (Fatih Terim Fonu)՝ շատ բարձր եկամտաբերությամբ՝ մինչև 200–250%։ Ֆաթիհ Թերիմը Թուրքիայում չափազանց հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ է, և տուժածների թվում են թե՛ նա, թե՛ թուրքական ֆուտբոլի այլ աստղեր։

Փաստացի նման ֆոնդ բանկում գոյություն չի ունեցել. DenizBank-ի ներքին IT համակարգերում ոչ մի գրառում չի եղել։ Մարդիկ պարզապես կանխիկ գումար էին տալիս մենեջերին, իսկ նա բանկի անունից կեղծում էր փաստաթղթեր՝ ստեղծելով օրինականության պատրանք, ցույց էր տալիս կեղծ հաշվետվություններ և պայմանագրեր։ Քանի դեռ նոր գումարների հոսքը շարունակվում էր, առանձին ներդրողներ վճարումներ էին ստանում՝ ինչպես դասական ֆինանսական բուրգերում։

Սխեման գործել է ավելի քան տաս տարի և բացահայտվել է 2023-ին, երբ մի գործարար հայտարարել է, որ իր 2 մլն դոլարի ավանդը չեն վերադարձնում և տոկոսները չեն վճարում։ Տարբեր տվյալներով՝ պատճառված վնասը գնահատվում է 25–44 միլիոն դոլար։

Խնդիրը որոշակի առումով շատ «թուրքական» է, բայց իրականում վերաբերում է ամբողջ պրայվեթ բանկինգի ոլորտին։ Հաճախորդները ներդրում էին անում ոչ թե ինչ–որ աբստրակտ ֆինանսական արտադրանքի մեջ, այլ՝ կոնկրետ մենեջերի հանդեպ ունեցած անձնական վստահությանը, որը հզորացվում էր մեծ բանքի բրենդով և «հատուկ փակ ֆոնդի» զգացողությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ