Netflix-ը հաղթել է Warner Bros. Discovery-ին ձեռք բերելու մրցակցային պայքարում՝ գերազանցելով Comcast-ին և Paramount–Skydance-ին։ BBC-ի տվյալներով՝ հոսքային հսկան ձեռք է բերում ընկերության և՛ կինոարտադրության, և՛ հոսքային բիզնեսները 72 միլիարդ դոլարով։
Warner Bros.-ը հայտնի է իր գլոբալ ֆրանշիզներով՝ «Հարրի Փոթեր», «Գահերի խաղը», ինչպես նաև HBO Max հարթակով։ Գործարքը, ըստ վերլուծաբանների, կարող է արմատապես փոխել ամերիկյան կինոարտադրության և մեդիա շուկայի ամբողջ կառուցվածքը։ Այնուամենայնիվ, վերջնական համաձայնությունը դեռ պետք է անցնի հակամենաշնորհային մարմինների հաստատումը։
Netflix-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարքից հետո հարթակին կմիանան այնպիսի հայտնի նախագծեր, ինչպիսիք են «Մեծ պայթյունի տեսությունը», «Սոպրանոները», «Օզի կախարդը», ինչպես նաև DC Universe-ը։
Կանխատեսվում է, որ գործարքը կավարտվի 2026 թվականի երրորդ եռամսյակում՝ WBD Discovery Global բաժնի նոր հանրային ընկերության մեջ առանձնանալուց հետո։
Netflix-ի համահիմնադիր Թեդ Սարանդոսը նշել է, որ ընկերությունը «լիովին վստահ է» կարգավորող մարմինների կողմից հաստատում ստանալու հարցում և «շարունակում է առաջ շարժվել»։
Հարցին, թե ինչ է սպասվում HBO հոսքային ծառայությանը, Netflix-ի համահիմնադիր Գրեգ Փիթերսը պատասխանել է, որ HBO ապրանքանիշը կարևոր է սպառողների համար, սակայն դեռ վաղ է խոսել հստակ ինտեգրման մասին։