«Firebird» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող արհեստական բանականության տվյալների կենտրոնի նախագիծը էականորեն բարձրացրել է երկրի ներդրումային գրավչությունը համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների համար։ Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը։
Նրա խոսքով՝ նախագծի իրականացումից հետո նոր գործընկերներ, այդ թվում՝ արտասահմանյան ընկերություններ, հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում նմանատիպ նախաձեռնություններ իրականացնելու հարցում։ Ներկայումս մի շարք բանակցություններ են ընթանում։
Փոխնախարարը նշել է, որ հետաքրքրված կողմերը ուսումնասիրում են այն պայմաններն ու միջավայրը, որոնք Հայաստանի կառավարությունը կարող է առաջարկել ներդրումների համար։ Ընկերությունների անունները չեն հրապարակվում, քանի որ քննարկումները շարունակվում են։
Նախագիծը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ Հայաստանը տարածաշրջանում բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում մրցունակ դիրքում ամրապնդելու ուղղությամբ։