Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտարարել է, որ եվրոպական մի շարք երկրներում կամավոր հետկանչի ենթարկված NAN մայրական կաթի փոխարինիչի խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել։
Տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել այն տեղեկությունների ֆոնին, որ «Նեսթլե» ընկերությունը որոշ երկրներում հետ է կանչում NAN կաթնախառնուրդի առանձին խմբաքանակներ՝ Bacillus cereus բակտերիայով հնարավոր վարակվածության կասկածի պատճառով։ Ստուգումներ են իրականացվել տվյալ արտադրատեսակը Հայաստան ներմուծող «Պրեմիեր ֆուդս» ՍՊԸ-ում։
ՍԱՏՄ արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հետևյալ խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն չեն ներմուծվել․
• NAN 1 OPTIPRO 2’FL, թիթեղյա տարա 400 գ
Արտադրության ամսաթիվ՝ 22.10.2025
Պիտանիության ժամկետ՝ 22.10.2027
Խմբաքանակ՝ 52950346AA
• NAN 1 OPTIPRO 2’FL, թիթեղյա տարա 800 գ
Արտադրության ամսաթիվ՝ 21.10.2025
Պիտանիության ժամկետ՝ 21.10.2027
Խմբաքանակ՝ 52940346AB
• NAN 1 OPTIPRO 2’FL, թիթեղյա տարա 800 գ
Արտադրության ամսաթիվ՝ 21.10.2025
Պիտանիության ժամկետ՝ 31.10.2027
Խմբաքանակ՝ 52940346AA
• NAN 1 OPTIPRO 2’FL, ստվարաթղթե տուփ 1050 գ, երկու ներդիրով
Արտադրության ամսաթիվ՝ 21.10.2025
Պիտանիության ժամկետ՝ 14.04.2027
Խմբաքանակ՝ 52940346BA
• NAN 1 OPTIPRO 2’FL, ստվարաթղթե տուփ 1050 գ, երկու ներդիրով
Արտադրության ամսաթիվ՝ 22.10.2025
Պիտանիության ժամկետ՝ 15.04.2027
Խմբաքանակ՝ 52950346BA
ՍԱՏՄ-ից հայտնում են նաև, որ «Նեսթլե» ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է՝ նշված խմբաքանակները իր դիստրիբյուտորական ցանցի միջոցով Հայաստան չեն մատակարարվել։
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ Հայաստանում պաշտոնական վաճառքի ուղիներով իրացվող «Նեսթլե» ապրանքանիշի մայրական կաթի բոլոր փոխարինիչները անվտանգ են օգտագործման համար և լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին։