Օդի որակի ձևավորման բնական գործոնների համեմատական վերլուծության արդյունքում Երևանը համարվում է ամենախոցելի քաղաքը, Թբիլիսին զբաղեցնում է միջին դիրք, իսկ Բաքուն ունի առավել բարենպաստ բնական պայմաններ։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով՝ քաղաքների աշխարհագրական դիրքը և ռելիեֆը էական ազդեցություն ունեն օդային զանգվածների շարժի և աղտոտիչների կուտակման վրա։
Բաքու
Քաղաքը գտնվում է Կասպից ծովի ափին, ունի բաց և հարթ ռելիեֆ, ինչպես նաև մշտական և ուժեղ քամիներ, որոնք նպաստում են օդի արագ մաքրմանը և աղտոտիչների տարածմանը։
Թբիլիսի
Քաղաքը տեղակայված է Կուր գետի հովտում։ Գետի ուղղությամբ ձևավորվող տեղային քամիները որոշ չափով ապահովում են օդի շրջանառություն, սակայն լեռնային շրջապատը սահմանափակում է օդի լիարժեք մաքրումը, ինչի հետևանքով օդի որակի ռիսկերը գնահատվում են որպես միջին։
Երևան
Երևանը գտնվում է փակ Արարատյան գոգավորությունում, որտեղ բնորոշ են թույլ քամիները։ Աշնան վերջում և ձմռան սկզբին հաճախ դիտվում են ջերմային ինվերսիաներ, որոնք խոչընդոտում են օդի շրջանառությանը և նպաստում աղտոտիչների կուտակմանը, ինչի հետևանքով մայրաքաղաքը համարվում է առավել խոցելի օդի որակի առումով։