Ռուսաստանը պատրաստ է խորհրդակցել Հայաստանի հետ «Թրամփի ճանապարհ» նախաձեռնության պարամետրերի, ինչպես նաև այդ նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով՝ հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ ուսումնասիրման փուլում են, և ռուսական կողմը պատրաստակամ է քննարկումներ անցկացնել հայկական գործընկերների հետ՝ ինչպես նախագծի բովանդակության, այնպես էլ Ռուսաստանի ներգրավվածության հնարավոր ձևաչափերի շուրջ։
Կալուգինը նշել է, որ դրա համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ։ Նրա խոսքով՝ Մոսկվան դիտարկում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն համաձայնեցված երթուղու մի հատվածը։
Նա նաև հիշեցրել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը հանդիսանում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա, իսկ տարածաշրջանի երկաթուղային ենթակառուցվածքների մի մասը գործում է ռուսական գծերով։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաև, որ նախատեսվող ճանապարհի զգալի հատվածը կարող է անցնել ռուս սահմանապահների պատասխանատվության գոտով։ Բացի այդ, Կալուգինը կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ ընդգծելով, որ այդ հանգամանքը ևս պետք է հաշվի առնել նախագծի քննարկման ընթացքում։