USD381.55EUR450.11RUB4.8673

Հայկական ավիացիան շարունակում է մնալ ԵՄ «սև ցուցակում», սակայն թռիչքների անվտանգության խախտումներ չեն արձանագրվել

Հայկական ավիացիան շարունակում է ընդգրկված մնալ Եվրոպական միության «սև ցուցակում», սակայն թռիչքների անվտանգությանը սպառնացող որևէ խախտում չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Միհրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի սեպտեմբերին իրականացված գնահատողական այցի արդյունքներով Եվրոպական հանձնաժողովը որևէ խախտում չի արձանագրել ոչ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, ոչ էլ երկու հայկական ավիաընկերություններում, որոնք կարող էին անմիջականորեն ազդել թռիչքների անվտանգության վրա կամ վտանգ ներկայացնել դրանց անվտանգ շահագործման համար։

Հիշեցնենք, որ հայկական ավիաընկերությունները ԵՄ «սև ցուցակում» են գտնվում 2020 թվականից, ինչի հետևանքով նրանց արգելվում է առևտրային թռիչքներ իրականացնել Եվրամիության օդային տարածքում։ Ներառումը հիմնված է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) եզրակացությունների վրա։

Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի գլխավոր տնօրինության (DG MOVE) կողմից իրականացված վերջին աուդիտի ընթացքում արձանագրված թերությունները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տվյալներով, ունեցել են բացառապես տեխնիկական բնույթ և կապված են եղել որակի վերահսկողության համակարգի ոչ լիարժեք ներդրման հետ։ Թերությունների մի մասն արդեն իսկ շտկվել է, իսկ մնացածի վերաբերյալ ուղղիչ գործողությունների ծրագիրն արդեն ներկայացվել է ԵՄ-ին՝ հոկտեմբերի 27-ին։

Այցի արդյունքները քննարկվել են նոյեմբերին Բրյուսելում կայացած ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի նիստում, սակայն Հայաստանի՝ «սև ցուցակից» հանելու վերաբերյալ վերջնական և պաշտոնական որոշում դեռևս չի կայացվել։

Միևնույն ժամանակ, Եվրամիությունը Հայաստանին առաջարկել է «երկվորյակացման» ծրագիր, որի շրջանակում՝ 2026 թվականից սկսած, ԵՄ անդամ պետությունների փորձագետները կաջակցեն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ համակարգի հետագա ամրապնդման և եվրոպական ավիացիոն կանոնակարգերի ներդրման գործընթացում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ