Հայաստանում առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար նախատեսված աջակցությունը դարձնել պետական նպաստ։ Այդ մասին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագիրը գործարկվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով խթանել ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների ծնելիությունը, և արձանագրված արդյունքները դրական են։
«2018 թվականին ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդների թիվը կազմել է շուրջ 8 300, 2023 թվականին՝ ավելի քան 12 400, իսկ 2024-ին՝ մոտ 12 000։ Ընդհանուր առմամբ գրանցվել է շուրջ 45 տոկոս աճ, տարեկան միջինում՝ մոտ 7 տոկոս», — նշել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ դրական դինամիկան հիմք է հանդիսացել առաջարկելու, որ այս աջակցությունը ստանա պետական նպաստի կարգավիճակ։
Օրենսդրական փաթեթի երկրորդ առանցքային փոփոխությունը վերաբերում է միանվագ ծննդյան նպաստի չափերի համահարթեցմանը։ Գործող համակարգի փոխարեն, որտեղ նպաստի չափը տարբեր է՝ կախված երեխայի հերթականությունից, առաջարկվում է սահմանել միասնական չափ՝ 500 հազար դրամ՝ բոլոր երեխաների համար։
Այսպիսով, ներկայումս գործող կարգավորումները, ըստ որոնց առաջին և երկրորդ երեխայի դեպքում տրամադրվում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդի դեպքում՝ 1 միլիոն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդի դեպքում՝ 1,5 միլիոն դրամ, կփոխարինվեն միասնական 500 հազար դրամ աջակցությամբ։
Նախագծով առաջարկվում է նաև սահմանել քաղաքացիության պահանջ․ միանվագ ծննդյան նպաստից և երրորդ ու հաջորդ երեխաների համար նախատեսված նպաստից հնարավոր կլինի օգտվել միայն այն դեպքում, եթե երեխան հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այս պահանջը նախատեսվում է կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ նպաստների չափերի համահարթեցումը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Փոփոխությունների մեկ այլ հատված վերաբերում է պետական կենսաթոշակների և նպաստների վճարման եղանակին։ Առաջարկվում է օրենքով լիազորել Կառավարությանը սահմանելու վճարումների կարգը՝ անցում կատարելով ամբողջությամբ անկանխիկ վճարումների։ Նախատեսվում է, որ այդ համակարգը կգործի 2026 թվականի ապրիլի 1-ից։
Դավիթ Խաչատրյանի տվյալներով՝ ներկայումս ավելի քան 660 հազար կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներից շուրջ 58 հազարն են դեռ ստանում վճարումները կանխիկ եղանակով։ Կառավարությունը, նրա խոսքով, կսահմանի սահուն անցման մեխանիզմներ, որպեսզի ապրիլի 1-ից բոլոր վճարումները կատարվեն անկանխիկ ձևաչափով։