USD381.46EUR449.97RUB4.8446

Խորհրդարանը հաստատել է ավելի քան 300 միլիոն դոլարի վարկային համաձայնագրեր ԱԶԲ-ի և ԵՆԲ-ի հետ

Հայաստանի Ազգային ժողովը հաստատել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ կնքված վարկային համաձայնագրերը, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 300 միլիոն դոլարը։

ԱԶԲ-ի հետ համաձայնագիրը նախատեսում է 250 միլիոն դոլարի վարկի և լրացուցիչ 16 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրում։ Ծրագրի հիմնական նպատակը Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական ծրագրերի ֆինանսավորումն է։ Վարկի ներգրավումը պայմանավորված է սուբսիդիաների ծախսերի աճի և ծրագրին ներկայացվող դիմումների թվի ավելացման ակնկալիքով։

Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում Հայաստանը կստանա 50 միլիոն եվրոյի վարկ, որը կուղղվի Սյունիքի մարզի զարգացման ծրագրերին։ Ֆինանսավորումը կօգտագործվի ենթակառուցվածքների բարելավման, առողջապահության և կրթության ոլորտների զարգացման, ինչպես նաև Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց աջակցության համար։

Կառավարության գնահատմամբ՝ այս վարկային միջոցները նպատակ ունեն մեղմել սոցիալական ճնշումները և խթանել տարածաշրջանային համաչափ զարգացումը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ