Աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկի՝ NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը միացել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենների խորհրդին։ NVIDIA-ի շուկայական կապիտալիզացիան ներկայումս գնահատվում է շուրջ 5 տրիլիոն դոլար։
Լեբարեդյանը նախորդ յոթ տարիների ընթացքում ներգրավված է եղել TUMO-ի խորհրդատվական խորհրդի աշխատանքներում, իսկ այժմ խորացնում է իր մասնակցությունը՝ ստանձնելով առավել լայն դեր կառավարման մակարդակում։ Նրա հիմնական առաքելությունը կլինի աջակցել TUMO-ի կենտրոնացված և հավակնոտ ընդլայնմանը, ինչպես նաև վերահսկել արհեստական բանականության ինտեգրումը կրթական բովանդակության և ծրագրային լուծումների մեջ։
Ռև Լեբարեդյանի խոսքով՝ TUMO-ն աշխարհում եզակի կրթական մոդել է։
«Աշխարհում TUMO-ի նման ոչինչ չկա. այն երիտասարդներին պատրաստում է նոր իրականության, որտեղ նրանք կարող են ստեղծել տեխնոլոգիաներ և ստեղծագործել ոչ թե պարզապես գոյատևելու, այլ ուրախության համար՝ զբաղվելով այն գործով, ինչ սիրում են, և դրա միջոցով դրական փոփոխություն բերելով աշխարհին», — նշել է նա։