Երևանի Նուբարաշենի աղբավայրում կանոնակարգվել է ավտոմեքենաների մուտքը՝ վերացնելով նախկինում առկա անկանոն մուտքերն ու աղբի անօրինական թափումը։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ նախկինում տարբեր ընկերություններ աղբավայր էին մուտք գործում տարբեր տեսակի ավտոմեքենաներով՝ առանց հստակ վերահսկողության և սահմանված կանոնների, ինչի հետևանքով աղբի թափումը իրականացվում էր անկանոն ձևով։
Ներկայումս աղբավայր մուտք գործելու համար սահմանվել է հստակ վճար, որի ամբողջ գումարն ուղղվելու է նոր աղբավայրի կառուցման աշխատանքներին։ Քաղաքապետի գնահատմամբ՝ այս քայլը թույլ կտա ոչ միայն կարգավորել աղբահանության գործընթացը, այլև ապահովել ֆինանսական միջոցների կուտակում՝ ժամանակակից աղբավայրի ստեղծման համար։
Քաղաքապետարանից ընդգծում են, որ մուտքի վերահսկողության խստացումը նպաստելու է նաև շրջակա միջավայրի պահպանմանը և աղբի կառավարման համակարգի բարելավմանը։