USD381.36EUR449.01RUB4.8711

Հյուսիս-հարավի Աշտարակ–Թալին հատվածում կառուցվել են նաև բնակավայրեր և հողամասեր տանող ճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 ծրագրի՝ Աշտարակ–Թալին 34 կմ հատվածի շրջանակում կառուցվել են ոչ միայն հիմնական մայրուղին, այլև դեպի բնակավայրեր և հողամասեր տանող նոր ճանապարհներ։

Ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել 34 կմ երկարությամբ հիմնական ճանապարհը, որը ամբողջացնում է ռազմավարական նշանակության հյուսիսային հատվածը և համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Միաժամանակ, տեղական բնակչության համար կառուցվել են դաշտամիջյան և մոտեցնող ճանապարհներ՝ ապահովելու մուտքը դեպի հողամասեր, իսկ որոշ համայնքների դեպքում՝ նաև դեպի բնակելի տներ։

Հիմնադրամի փոխանցմամբ՝ դաշտամիջյան ճանապարհների մի մասը նախատեսված էր նախագծով, իսկ մյուս հատվածները ծրագրում ընդգրկվել են լրացուցիչ ուսումնասիրությունների և տեխնիկական վերլուծությունների արդյունքում։ Կառուցված ճանապարհների մեծ մասը գրունտային է, սակայն Կոշ համայնքի մի հատվածում բնակելի տներ տանող դաշտային ճանապարհները ծրագրի շրջանակում նաև ասֆալտապատվել են՝ համալրվելով համապատասխան կահավորմամբ և ջրահեռացման համակարգով։

Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում կառուցվել է մոտ 20 կմ դաշտամիջյան ճանապարհ։

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է, իսկ ֆինանսավորումը իրականացվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ