USD381.21EUR443.92RUB4.8108

Հայկական ԹՈՒՄՈ կրթական ցանցը շարունակում է գլոբալ ընդլայնումը․ աշխարհում բացվում է արդեն 52 կենտրոն

Հայաստանում հիմնադրված ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ցանցը շարունակում է իր միջազգային ընդլայնումը՝ ձևավորելով համաշխարհային կրթական մոդել։ Ներկայումս ամբողջ աշխարհում բացվում կամ գործում է շուրջ 52 ԹՈՒՄՈ կենտրոն, որոնք ընդգրկում են Եվրոպան, Ամերիկան, Ասիան և Աֆրիկան։

Հայաստանից դուրս ԹՈՒՄՈ կենտրոնները արդեն գործում են Ֆրանսիայի Փարիզ և Մարսել քաղաքներում, Գերմանիայի մի շարք քաղաքներում՝ Բեռլինում, Էսսենում, Մանհայմում, Սաարբրյուկենում, Լյուդենշեյդում և Հիրշեյդում, ինչպես նաև Պորտուգալիայի Լիսաբոնում, Պորտուում և Կոիմբրայում։ Կենտրոններ կան նաև Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Նիդեռլանդների Ամստերդամում, ԱՄՆ-ի Լոս Անջելեսում, Ճապոնիայի Տակասակիում և Արգենտինայի Բուենոս Այրեսում։

Մոտ ապագայում նախատեսվում է ԹՈՒՄՈ կենտրոնների բացում Իսպանիայի Բիլբաո քաղաքում, Բելգիայի Լիեժում, Գերմանիայի Ֆրանկֆուրտում, Քյոլնում, Դյուսելդորֆում, Հանովերում և Պոտսդամում, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյեում, Վրաստանի Քութայիսում, Լիբանանի Բեյրութում, Հնդկաստանի Մումբայում, Վիետնամի Հանոյում, Ղազախստանի Աստանայում, Անգոլայի Լուանդայում, Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաունում և Ուրուգվայի Մոնտեվիդեոյում։

Բանակցություններ են ընթանում նաև նոր կենտրոնների գործարկման ուղղությամբ Իսպանիայի Բարսելոնայում և Մալագայում, Մեծ Բրիտանիայի Լոնդոնում, Ֆինլանդիայի Հելսինկիում, Մոլդովայի Քիշնևում, Թունիսի մայրաքաղաքում, ինչպես նաև ԱՄՆ-ի Փիթսբուրգում, Կանադայի Քվեբեկում, Արգենտինայի Կալետա Օլիվիայում և Ուշուայայում, Բրազիլիայի Սան Պաուլոյում, Ավստրալիայի Սիդնեյում, Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում՝ Նյու Դելիում, Չեննայում, Կալկաթայում և Բանգալորում, ինչպես նաև Ուգանդայի Կամպալայում, Զամբիայի Լուսակայում, Զիմբաբվեի Հարարեում և Նամիբիայի Վինդհուկում։

ԹՈՒՄՈ նախագիծը, որը ծնունդ է առել Հայաստանում, այսօր ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող կրթական մոդել՝ կենտրոնացած տեխնոլոգիաների, ստեղծագործական մտածողության և 21-րդ դարի գործնական հմտությունների զարգացման վրա։

ԹՈՒՄՈ-ի միջազգային կենտրոնները գործում են ֆրանշիզային մոդելով և ֆինանսավորվում են տեղական կազմակերպությունների, հիմնադրամների և պետական կառույցների կողմից։ Միաժամանակ, այդ համագործակցություններից ստացված միջոցները ուղղվում են նաև հայկական ԹՈՒՄՈ ցանցի զարգացմանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանում բացել 16 կենտրոն և շուրջ 110 մինի-կենտրոն («տուփ»)՝ փոքր քաղաքներում և համայնքներում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ