Դպրոցներում պետական ներդրումները չեն սահմանափակվում միայն շինարարական և կապիտալ ծրագրերով․ առանձին և նշանակալի ֆինանսավորում է ուղղվում նաև կրթական հաստատությունների ընթացիկ գործունեությանն ու պահպանմանը։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին դպրոցների ընթացիկ ֆինանսավորման ծավալը կայուն աճ է գրանցել։ Մասնավորապես, 2019 թվականին դպրոցների պահպանման ծախսերին հատկացվել է 86 միլիարդ դրամ, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը արդեն գերազանցել է 128 միլիարդ դրամը՝ ապահովելով շուրջ 47 տոկոս աճ՝ 2019 թվականի համեմատ։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2026 թվականի համար դպրոցների ընթացիկ ֆինանսավորմանը պետական բյուջեով հաստատվել է ավելի քան 131 միլիարդ դրամ, ինչը միտված է կրթական հաստատությունների կայուն գործունեության, սպասարկման և կրթական միջավայրի բարելավմանը։