Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստում անդրադարձել է հեղուկ գազի գնի բարձրացմանը՝ այն գնահատելով որպես սեզոնային և սովորական գործընթաց։
Նրա խոսքով՝ նման իրավիճակ ամեն տարի արձանագրվում է դեկտեմբերին՝ պայմանավորված Վերին Լարսի ճանապարհային հանգույցում առաջացող խնդիրներով, որոնք հանգեցնում են տրանսպորտային ծախսերի աճին։
«Ապրիլ-մայիս ամիսներին հեղուկ գազն ավելի էժան է, դեկտեմբերին՝ թանկ։ Այստեղ որևէ լուրջ խնդիր կամ դեֆիցիտ չկա»,– նշել է Գևորգյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հարցին, ընդգծել է, որ խնդիրը պետք է դիտարկել տարածաշրջանային ապաշրջափակման համատեքստում։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար առաջնային է ունենալ մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ։
«ՀՀ-ն պետք է ունենա մատակարարումների այլընտրանքային ուղիներ։ Այստեղ է հարցը։ Համոզված եղեք՝ այս տարվա դեկտեմբերին այդ հարցն այլևս չի լինի»,– հայտարարել է վարչապետը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ հեղուկ գազը Հայաստան է ներկրվում հիմնականում Ռուսաստանից՝ Վերին Լարսով, ինչպես նաև Իրանից։ Նրա խոսքով՝ երկու ուղղություններով էլ ներկայում կան օբյեկտիվ բարդություններ՝ մեկ դեպքում ձյան առատ տեղումների, մյուս դեպքում՝ հայտնի հանգամանքների պատճառով։
«Մեր առաջարկը գործարարներին եղել է օգտվել երկաթուղային հաղորդակցությունից։ Դա կարող է լուծել խնդիրը մեկընդմիշտ, քանի որ երկաթուղային փոխադրումները նման խոչընդոտների չեն բախվում»,– ասել է նախարարը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հաստատել է, որ հեղուկ գազի ներկրումը երկաթուղային եղանակով տեխնիկապես հնարավոր է և վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ մեխանիզմը կսկսի գործել։