2025 թվականի դեկտեմբերին Հայաստանը ընդունել է 139 հազար 933 զբոսաշրջիկ, ինչը դեկտեմբեր ամիսների պատմության ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ մասին Կառավարության հունվարի 8-ի նիստին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով զբոսաշրջության ոլորտի ամփոփ տվյալները։
Նախարարի խոսքով՝ տարվա 12 ամիսներից 7-ը զբոսաշրջիկների թվի առումով դարձել են Հայաստանի պատմության մեջ երբևէ լավագույն ամիսները։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.5 տոկոսով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 19.4 տոկոսով։
Պապոյանը նշել է, որ զբոսաշրջության պատմական լավագույն տարին մնում է 2023 թվականը, երբ արձանագրվել էր մոտ 50 հազարով ավելի զբոսաշրջիկ, քան 2025-ին։ Սակայն նա ընդգծել է, որ այդ տարբերությունը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկների թվի նվազմամբ։
«2023 թվականի համեմատ այս տարի Ռուսաստանից ունեցել ենք մոտ 216 հազարով պակաս զբոսաշրջիկ, սակայն այլ երկրներից կարողացել ենք ապահովել 166 հազարով ավելի այց, ինչի արդյունքում ընդհանուր նվազումը կազմել է ընդամենը շուրջ 50 հազար»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ կառավարության քաղաքականությունն ուղղված է այն բանին, որ ՌԴ-ից զբոսաշրջիկների թվերը պահպանվեն, միաժամանակ շարունակվի այլ երկրների շուկաներից այցելությունների աճը։ Նշվել է, որ եթե նախկինում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում էր 52–53 տոկոս, ապա այժմ այն նվազել է մինչև 41 տոկոս։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն հիմնական գործոնները, որոնք, ըստ նրա, նպաստել են զբոսաշրջության աճին։ Դրանց թվում են՝
▫️ Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգը,
▫️ ավիացիոն շուկայի զարգացումը և միջազգային ավիաընկերությունների հետաքրքրության աճը Հայաստանի նկատմամբ,
▫️ ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացը։
Վարչապետի խոսքով՝ 2025 թվականի մարտի վերջին.links Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնության հայտարարությունից հետո արդեն մայիսին արձանագրվել է զբոսաշրջիկների թվի աճ։