USD379.42EUR441.46RUB4.8278

Վտանգավոր թափոնների լիցենզավորումը կկատարվի բացառապես էլեկտրոնային եղանակով

Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման ամբողջ գործընթացը կկատարվի բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նոր ստեղծված «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնի միջոցով։

Որոշման ուժի մեջ մտնելը նախատեսվում է պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս անց, ինչը հնարավորություն կտա շահառուներին ժամանակին հարմարվելու նոր պահանջներին։

Ըստ սահմանված կարգավորման՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը թափոնների կառավարման ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից մատուցվող ծառայություններից կկարողանան օգտվել միայն էլեկտրոնային եղանակով։ Սա նպատակ ունի նվազեցնել փաստաթղթաշրջանառության վրա ծախսվող ժամանակը և բարձրացնել վարչարարության արդյունավետությունը։

Էլեկտրոնային ձևաչափով տրամադրվող վտանգավոր թափոնների լիցենզիաները, դրանց ներդիրները և կից փաստաթղթերը կպահպանվեն էլեկտրոնային հարթակում և հասանելի կլինեն ինչպես լիցենզավորված անձանց, այնպես էլ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններին՝ թափոնների հաշվառման և վերահսկողական գործընթացների ժամանակ։

Բացի այդ, լիցենզավորման կարգում նախատեսվող փոփոխությունների ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերն անցկացնել նաև հեռավար ձևաչափով, ինչը կհեշտացնի նիստերի կազմակերպումն ու կբարձրացնի գործընթացի օպերատիվությունը։

Մեկ այլ կառավարության որոշմամբ սահմանվել է նաև, որ թափոնների կառավարման ոլորտում սահմանաքանակների հաստատման գործընթացը ևս կկատարվի բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նույն թվային հարթակի միջոցով։

Կառավարության գնահատմամբ՝ այս փոփոխությունները կնպաստեն ոլորտի թվայնացմանը, վարչարարական բեռի նվազեցմանը և շրջակա միջավայրի կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ