USD379.42EUR441.46RUB4.8278

Մի շարք ընկերություններ կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություններից

Կառավարության ընդունած որոշումներով մի շարք ընկերություններ, գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում, կազատվեն ներմուծման մաքսատուրքից։ Արտոնությունները տրամադրվում են արտադրության ընդլայնման, ներդրումների խթանման և աշխատատեղերի ստեղծման նպատակով։

Ծխախոտի արտադրություն

«Լեքս տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը կօգտագործի ծխախոտի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է

  • 32.4 մլրդ դրամ ներդրում՝ հումքի ձեռքբերման,
  • 4.3 մլրդ դրամ՝ կապիտալ ներդրումների համար։

Ներկայում ընկերությունն ունի 258 աշխատատեղ՝ 311 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2028 թվականը աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել 333-ի՝ միջին աշխատավարձը բարձրացնելով մինչև 390 հազար դրամ։

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է մոտ 2 մլրդ դրամ։

Ջերմոցային տնտեսություն

«Ռոզելին բայ ԿՕԿ» ՍՊԸ-ն ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կկառուցի ժամանակակից ջերմոցային համալիր՝ վարդերի աճեցման համար։ Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում, մասնավորապես՝ ՌԴ-ում։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է

  • 1.45 մլրդ դրամ՝ ջերմոցի ձեռքբերման,
  • 180 մլն դրամ՝ հումքի,
  • 300 մլն դրամ՝ շինարարական աշխատանքների համար։

Մինչև 2028 թվականը կստեղծվի 30 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 81.5 մլն դրամ։

Սննդարդյունաբերություն

«Սան ֆուդ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը կօգտագործի մարգարինի, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի և այլ արտադրատեսակների արտադրության համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է

  • 1.8 մլրդ դրամ ներդրում՝ հումքի ձեռքբերման,
  • 150 մլն դրամ՝ կապիտալ ներդրումների համար։

Մինչև 2026 թվականը կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ 455 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնությունը գնահատվում է 242.5 մլն դրամ։

Լվացող միջոցների արտադրություն

«ԳՌՕՄ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը կօգտագործի լվացող և մաքրող միջոցների արտադրության համար։

Ծրագրով նախատեսվում է

  • 4.6 մլրդ դրամ ներդրում՝ հումքի ձեռքբերման,
  • 200 մլն դրամ՝ կապիտալ ներդրումների համար։

Ներկայում ընկերությունն ունի 115 աշխատատեղ՝ 500 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մինչև 2026 թվականը աշխատատեղերի թիվը կաճի մինչև 122՝ միջին աշխատավարձը հասցնելով 550 հազար դրամի։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 260 մլն դրամ։

Թղթե հիգիենայի պարագաներ

«Սովթ պապիրուս» ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի անձեռոցիկների և թղթե սրբիչների արտադրության համար։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է

  • 1.3 մլրդ դրամ՝ հումքի,
  • 190 մլն դրամ՝ կապիտալ ներդրումների համար։

Մինչև 2026 թվականը կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 350 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնությունը գնահատվում է 133 մլն դրամ։

Արտադրանքի տեղափոխում և արտահանում

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն ներմուծվող ապրանքները կօգտագործի սեփական արտադրանքի տեղափոխման և արտահանման նպատակով։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է

  • 224.4 մլն դրամ ներդրում՝ հիմնական միջոցների ձեռքբերման համար։

Ընկերությունն ունի 558 աշխատատեղ՝ 577 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2026 թվականը աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել 565-ի։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18 մլն դրամ։

Ազատ տնտեսական գոտի

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Էքսփաթ Գրուպ» ՍՊԸ-ն ներառվել է «Մայլեռ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում։

Կառավարության գնահատմամբ՝ ընդունված որոշումները կնպաստեն ներդրումների աճին, արտադրական ներուժի ընդլայնմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ