USD378.89EUR440.42RUB4.8644

Քաղաքապետը դժգոհ է վարչական շրջանների ձնամաքրման աշխատանքներից

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել են մայրաքաղաքում իրականացված ձնամաքրման աշխատանքները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ առաջնային և երկրորդային ճանապարհներին էական խնդիրներ չեն արձանագրվել, սակայն վարչական շրջանների աշխատանքի մասով լուրջ դժգոհություններ կան։

«Վարչական շրջանների կատարած աշխատանքից ես դժգոհ եմ»,– հայտարարել է քաղաքապետը՝ մատնանշելով մի շարք բացթողումներ։

Նրա խոսքով՝ բավարար աշխատանք չի տարվել մասնավոր տնտեսվարողներին տեղեկացնելու ուղղությամբ, որոնք օրենքով պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների դիմացի հատվածները։ Քաղաքապետը նշել է, որ կան վարչական շրջաններ, որտեղ տվյալ ժամանակահատվածում ընդհանրապես վարչական տուգանքներ չեն կիրառվել։

«Ունենք 4–5 վարչական շրջան, որտեղ այս ընթացքում որևէ վարչական արձանագրություն չի կազմվել, և դրան չկա բացատրություն»,– ընդգծել է նա։

Քաղաքապետը հիշեցրել է նաև, որ նախկինում որոշում է կայացվել վարչական շրջաններում ունենալ հատուկ աշխատակիցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կմիանան ձնամաքրման աշխատանքներին՝ մաքրելով բակերն ու մայթերը։ Սակայն, նրա խոսքով, հունվարի 1–3-ը այդ աշխատակիցները չեն աշխատել։

«Ես տարեվերջին հստակ ասել եմ, որ ձնառատ օրերին պետք է աշխատենք 24/7 ռեժիմով, ինչպես աշխատել է ԵԱՍՄ հիմնարկը»,– նշել է Ավինյանը։

Երրորդ խնդիրն, ըստ քաղաքապետի, վարչական իրավախախտումներ արձանագրող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունն է։ Նրա գնահատմամբ՝ մոտ 300 աշխատակցի աշխատանքի արդյունքները համեմատելիս ստացվում են «խայտառակ թվեր»։

«Երբ այդ թիվը համեմատում եմ հասարակական կարգի, քաղաքաշինության և հողի վերահսկողության ոլորտների հետ, մարդ-արձանագրություն հարաբերակցությունը պարզապես անընդունելի է»,– ասել է նա՝ հավելելով, որ համակարգում անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք շուտով կքննարկվեն։

Եզրափակելով՝ քաղաքապետը շեշտել է. «Լավամարդ դուրս գալը լավ բան չէ»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ