Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու Աշտարակ–Թալին հատվածում (Տրանշ 2) շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Կառուցվել է 42 կմ երկարությամբ հիմնական մայրուղի, ինչպես նաև 20 կմ մուտքի ճանապարհներ։
Ծրագրի շրջանակում շահագործման են հանձնվել 9 հանգույց, 19 T-աձև հանգույց, 4 կամուրջ, ինչպես նաև 10 անցում՝ անասունների և գյուղատնտեսական տեխնիկայի համար։ Կառուցվել է նաև նոր շրջանցիկ ճանապարհ, որը թույլ է տալիս երթևեկությանը շրջանցել Ագարակի հնագիտական տարածքը։
Ճանապարհը ունի երեքաշերտ ասֆալտբետոնե ծածկ, ինչը նախատեսված է բարձր բեռնվածության և երկարաժամկետ շահագործման համար։ Ամբողջ հատվածի կառուցման արժեքը կազմում է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։