Հայաստանի իշխանությունները նախատեսում են Կապանում քննարկումներ սկսել «Սյունիք» օդանավակայանի բաժնետերերի հետ՝ այն միջազգային օդանավակայանի վերածելու հնարավորության շուրջ։
Զբոսաշրջության և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ նախագիծը գտնվում է շատ վաղ փուլում․ բաժնետերերի հետ աշխատանքային խորհրդակցությունները դեռ չեն մեկնարկել, իսկ անհրաժեշտ ներդրումների ծավալը՝ սահմանային ենթակառուցվածքների, թռիչքուղիների, նավիգացիոն և անվտանգության համակարգերի մասով, այս պահին դեռևս չի հաշվարկվել։
Նշվում է, որ նախկինում գործող կոնցեսիոն պայմանագրով «Կորպորասիոն Ամերիկա»-ն ուներ նախապատվության իրավունք՝ կառավարելու «Զվարթնոց» օդանավակայանից 250 կիլոմետր շառավղով ցանկացած նոր միջազգային օդանավակայան։ Սակայն պայմանագրում կատարված վերջին փոփոխություններով այդ դրույթը չեղարկվել է, ինչն այժմ հնարավորություն է տալիս քննարկել Կապանի օդանավակայանի միջազգային կարգավիճակը՝ առանց այն ավտոմատ կերպով կոնցեսիոն կառավարման հանձնելու։
«Սյունիք» օդանավակայան ՍՊԸ-ի բաժնետերերն են
▫️ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»,
▫️ «Սյունիքի մարզի զարգացման հիմնադրամը», որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից։