ՀՀ կառավարությունը հաստատել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիայի պայմանագրի հինգերորդ փոփոխությունը։ Կոնցեսիոները շարունակում է մնալ գործարար Էդուարդ Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա Էյրպորտս» ընկերությունը։
Կառավարության որոշմամբ կոնցեսիայի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը։ Փոփոխությունների շրջանակում ընկերությունը պարտավորվում է իրականացնել շուրջ 425 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում, որի առանցքային բաղադրիչը նոր ուղևորային տերմինալի կառուցումն է։
Ըստ հաստատված պայմանների՝ կոնցեսիոները պետք է կառավարության հաստատմանը ներկայացնի օդանավակայանի գլխավոր հատակագիծն ու ներդրումային ծրագիրը, իսկ բոլոր նախատեսված ներդրումները պետք է ամբողջությամբ ավարտվեն մինչև 2033 թվականը։
Պայմանագրի փոփոխությունները միտված են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հզորությունների ընդլայնմանը, ինչպես նաև կոնցեսիոն պայմանների արդիականացմանը։ Մասնավորապես, պայմանագրից հանվում են երաշխավորված եկամտաբերության (ԵՇ) և վնասի փոխհատուցման նախկին բանաձևերը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում պայմանագրի անորոշ ժամկետով երկարաձգման դրույթը։
Բացի այդ, վերացվել են Կապան-Սյունիք օդանավակայանի հետ կապված սահմանափակումները, ինչը հնարավորություն է ստեղծում ապագայում քննարկել դրա միջազգային զարգացման տարբերակները՝ առանց կոնցեսիոն իրավական խոչընդոտների։
Նոր պայմաններով նախատեսվում է, որ օդանավակայանների սակագները տարեկան կվերանայվեն՝ հաշվի առնելով գնաճը Հայաստանում, Եվրամիությունում և ԱՄՆ-ում։ Միևնույն ժամանակ, սահմանվել է պաշտպանիչ մեխանիզմ պետության համար․ եթե ուղևորափոխադրումների ծավալը երկու տարի անընդմեջ նվազի տարեկան 4 միլիոնից ցածր՝ կոնցեսիոների մեղքից անկախ, պետությունը կարող է վնասը փոխհատուցել սակագնային ճշգրտումների միջոցով, սակայն առավելագույնը երեք տարվա ընթացքում։
Կառավարության որոշմամբ՝ փոփոխված կոնցեսիոն պայմանագիրը պետք է ստորագրվի մեկ ամսվա ընթացքում։