Երևանի Իսակով–Արշակունյաց նոր մայրուղու շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա գարնանը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ նախագծի շինարարական մրցույթն արդեն ավարտվել է, և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ընտրությունից հետո աշխատանքները կմտնեն ակտիվ փուլ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել նոր մայրուղի, որը կմիացնի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները՝ էականորեն բարելավելով քաղաքի տրանսպորտային կապերն ու բեռնաթափելով գործող ճանապարհային հանգույցները։
Նախագծի առանցքային բաղադրիչներից է Հրազդան գետի վրայով 269 մետր երկարությամբ երկաթբետոնե կամրջի կառուցումը, որը կդառնա նոր երթուղու կարևոր ինժեներական հանգույցներից մեկը։ Բացի այդ, նախատեսվում է Կոմիտասի անվան այգուն հարակից տարածքի վերակառուցում և կանաչապատում՝ քաղաքային միջավայրի որակը բարելավելու նպատակով։
Իսակով–Արշակունյաց մայրուղու նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքային զարգացման ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Ծրագրի ֆինանսավորման համար ԱԶԲ-ն տրամադրել է 60 միլիոն եվրոյի վարկ։
Քաղաքապետարանում ընդգծում են, որ նախագիծը միտված է ոչ միայն երթևեկության հոսքերի արդյունավետ կազմակերպմանը, այլև քաղաքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու մայրաքաղաքի կայուն զարգացմանը։