Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը ներկայացրել է մայրաքաղաքում իրականացված կանաչապատման աշխատանքների արդյունքները։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Երևանում կանաչ տարածքները ավելացել են շուրջ 60 հեկտարով, ինչը գերազանցում է նախորդ տասնամյակների ընթացքում գրանցված ցուցանիշները։ Արդյունքում, քաղաքի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը հասել է 910 հեկտարի՝ համադրելի լինելով ԽՍՀՄ լավագույն տարիների ցուցանիշների հետ։
Բեգոյանը նշել է, որ մայրաքաղաքը փաստացի վերականգնել է իր կորցրած կանաչ տարածքները։ Այն վայրերում, որտեղ կառուցապատման պատճառով հնարավոր չի եղել դրանք ամբողջությամբ վերականգնել, փոխհատուցումը իրականացվել է այլ հատվածներում կանաչապատման միջոցով։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ վերջին երեք ու կես տարվա ընթացքում Երևանը զգալիորեն հարստացել է կանաչ ֆոնդով, և ավելացված մոտ 60 հեկտարը իր ծավալներով գերազանցում է նախորդ 22 տարիներին ստեղծված կանաչ տարածքները։ Նա ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում են ավելի մեծ ծրագրեր, և աշխատանքները շարունակվելու են։