USD376.94EUR444.34RUB4.9183

Հայաստանը և Salesforce-ը քննարկել են թվային փոխակերպման և ամպային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը

ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպել է Salesforce ընկերության Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանի մասնագիտական ծառայությունների պրակտիկայի ղեկավար Ջոն Բանյանին։ Տեղեկությունը հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ շեշտադրելով պետական կառավարման համակարգի, տնտեսության և հասարակության թվային փոխակերպմանն ուղղված ծրագրերը։ Կարևորվել են նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, «Cloud First» քաղաքականության իրականացումը, կիբեռանվտանգության ամրապնդումը և թվային կառավարման համակարգերի զարգացումը՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային ծառայությունների արդյունավետությունն ու թափանցիկությունը։

Salesforce-ի ներկայացուցիչը դրական է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը՝ նշելով, որ ընկերությունը հետաքրքրված է թվային առաջընթացը առաջնահերթություն համարող շուկաներում նորարարական լուծումների ներդրմամբ և տաղանդների զարգացման խթանմամբ։

Քննարկման օրակարգում եղել են պետական և մասնավոր հատվածների արտադրողականության բարձրացմանը միտված համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը անդրադարձել են նաև անվտանգ ամպային տեղակայման մոդելների մշակմանը, որոնք կհամապատասխանեն Հայաստանի տվյալների պաշտպանության օրենսդրությանը և միջազգային լավագույն չափանիշներին։

Salesforce-ը հիմնադրվել է 1999 թվականին և համարվում է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) խոշորագույն ամպային հարթակներից մեկը։ Ընկերությունը առաջարկում է վաճառքի, սպասարկման, մարքեթինգի և բիզնես գործընթացների ավտոմատացման լուծումներ՝ աջակցելով կազմակերպությունների թվային վերափոխմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ