«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահազանգերի ստուգման արդյունքում հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել։
Ընկերության հաղորդմամբ՝ ստացված բոլոր դիմումների հիման վրա իրականացվել են պատշաճ ստուգումներ։ «Մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 70 դեպք) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի գրանցվել», — նշվում է հայտարարությունում։
Ըստ ընկերության վերլուծության՝ հունվարին էլեկտրաէներգիայի սպառման աճը նախորդ ամիսների համեմատ պայմանավորված է երկու հիմնական գործոնով․
• ամանորյա տոնական օրերին կենցաղային սպառման բնականոն աճով,
• սաստիկ ցուրտ եղանակային պայմաններով։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալներով՝ հունվարի առաջին տասնօրյակը բնութագրվել է նորմայից ցածր ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում գրանցվել է ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ մինչև -18.2°C։
Ընկերությունը հորդորում է քաղաքացիներին, որ եթե առկա են սպառման վերաբերյալ ողջամիտ կասկածներ, կարող են դիմել էլեկտրոնային հասցեով՝ նշելով «ծախսի անհամաձայնություն», ինչպես նաև բաժանորդային քարտի համարը և հեռախոսահամարը։
Նշվում է, որ համապատասխան ստորաբաժանումների մասնագետները առավելագույնը եռօրյա ժամկետում կիրականացնեն ստուգումներ՝ էլեկտրոնային հաշվիչների դեպքում սերվերների/ռեգիստրների միջոցով, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում՝ տեղայց և տեղազննություն։ Արդյունքների մասին քաղաքացիները կծանուցվեն ընկերության կողմից։