Երևանի Երևանի հեռուստաաշտարակի հարակից 0.7 հեկտար հողատարածքը վերադարձվել է պետությանը՝ կառավարության համապատասխան որոշմամբ։ Տարածքը նախկինում անցել էր մասնավոր տնօրինման և վերադարձվել է դատական գործընթացների արդյունքում։ Ընդհանուր առմամբ, նույն հատվածում շուրջ 7 հեկտար հող է վերադարձվել պետական սեփականությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է տարածքը վերածել քաղաքային անտառի՝ բացառելով դրա ցանկացած այլ, մասնավորապես՝ առևտրային օգտագործումը։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ձևավորել հանրային կանաչ գոտի՝ քայլելու, վազքի և հեծանվային ուղիներով։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ տարածքի անտառապատման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։
Իր հերթին, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Նորք համայնքում ևս նախատեսվում է շուրջ 50 հեկտար տարածք վերածել անտառային գոտու։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել միջազգային դոնորների աջակցությամբ՝ ստեղծելով լիարժեք քաղաքային անտառային այգի։