Հայաստանում մեկնարկող խոշոր տեխնոլոգիական նախաձեռնությունը՝ Firebird AI տվյալների կենտրոնի նախագիծը, ստացել է առաջին 300 միլիոն դոլարի ներդրումը։
Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ վեց ֆինանսական կառույցներ ստորագրել են սինդիկացված վարկային պայմանագիր՝ նախագծի ֆինանսավորման համար։ Դրանց թվում են՝ Արդշինբանկ, ACBA Bank, Evocabank, Fast Bank, ինչպես նաև Amundi-ACBA Asset Management և C-Quadrat Ampega Asset Management Armenia։
Նախագծի առաջին փուլում ընդհանուր ներդրումները նախատեսվում են մոտ 450 միլիոն դոլար, իսկ հետագա զարգացումներով այն կարող է հասնել մինչև 4 միլիարդ դոլարի։ Սա, ըստ նախագծի ներկայացման, Հայաստանը կարող է դիրքավորել որպես տարածաշրջանում խոշոր արհեստական բանականության ենթակառուցվածքային կենտրոն։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջը տեղակայել մինչև 50,000 գրաֆիկական պրոցեսոր, այդ թվում՝ մոտ 41,000 նոր սերնդի NVIDIA GB300 չիպեր։