Մարթա Կոսը այցելել է Շիրակի մարզ՝ ծանոթանալու Եվրոպական միությունի աջակցությամբ իրականացվող զարգացման նախագծերին։
Այցի ընթացքում ներկայացվել է Գյումրու պատմական շուկայի վերակառուցման ծրագիրը, որը նախատեսվում է վերածել տարածաշրջանային գաստրոնոմիկ կենտրոնի։ Նախագիծը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ համագործակցելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, միջազգային գործընկերների և բարերարների հետ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 9 միլիոն դոլար։ Նախաձեռնության շրջանակում ֆրանսիական Lyfe Instituteի հետ համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել միջազգային խոհարարական դպրոց, որտեղ լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել Լիոնում։
Նախագծով նախատեսվում է նաև բացել ռեստորաններ, առևտրային տաղավարներ, արվեստի և մշակութային միջոցառումների տարածքներ։
2024 թվականին անցկացված ճարտարապետական մրցույթում 150 հայտերից հաղթող է ճանաչվել Mooradian Studio-ն, իսկ լանդշաֆտային նախագծումը հանձնվել է բելգիական ընկերության։ Ներկայում ընթանում են նախագծային աշխատանքներ, ներառյալ ենթակառուցվածքների և տեխնիկական հետազոտությունների փուլերը, իսկ ծրագրի ավարտը նախատեսվում է 2027 թվականին։