Հայաստանի իշխանությունները մտադիր են վերանայել զարդերի նկատմամբ կիրառվող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կարգավորումները՝ նպատակ ունենալով նվազեցնել ոլորտի հարկային բեռը և բարձրացնել տեղական արտադրանքի մրցունակությունը։
Ներկայում գործող համակարգով զարդերը փաստացի հարկվում են ամբողջական արժեքով՝ ներառյալ ոսկու և թանկարժեք քարերի արժեքը, ինչի հետևանքով վերջնական գինը բարձրանում է։ Առաջարկվող փոփոխությամբ ԱԱՀ-ն կգանձվի միայն ավելացված արժեքից՝ այսինքն՝ վաճառքի գնի և հումքի արժեքի (արտադրողների դեպքում) կամ գնման գնի (վաճառողների դեպքում) տարբերությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը շահավետ է ոսկերչական ոլորտի համար և կարող է նպաստել ինչպես վաճառքների, այնպես էլ եկամուտների աճին։
Վարչապետը կարևորել է նաև որոշման հնարավորինս արագ ընդունումը՝ հաշվի առնելով զբոսաշրջային սեզոնի մոտալուտ մեկնարկը, որը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ոլորտի զարգացման համար։