Վահան Կոստանյանի հայտարարությամբ՝ Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված 2.6 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթից արդեն հատկացվել է մոտ 1.496 միլիարդ եվրո։
Փոխնախարարի խոսքով՝ ֆինանսավորման մեծ մասը տրամադրվել է վարկերի և դրամաշնորհների տեսքով՝ տարբեր միջազգային ֆինանսական կառույցների ներգրավմամբ, այդ թվում՝ Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲի մասնակցությամբ։
Միջոցները հիմնականում ուղղվել են ենթակառուցվածքային ծրագրերին, այդ թվում՝ Հյուսիս–Հարավ մայրուղու կառուցման և հայկական բանկային համակարգի արտոնյալ վարկավորման ծրագրերին։
Բացի այդ, «Կայունություն և աճ» ծրագրի շրջանակում նախատեսված 270 միլիոն եվրոյից արդեն հաստատվել է մոտ 210 միլիոն եվրո։ Կառավարությունը ԵՄ-ի հետ նաև քննարկում է մասնավոր ներդրումների խթանման նոր մեխանիզմներ՝ հետագա ֆինանսավորման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։