ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ չեղարկված ավիաչվերթների փոխհատուցման ընթացակարգը դեռ գտնվում է մշակման փուլում։
Նախաձեռնությունը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։
Ծրագրի համաձայն՝ այն քաղաքացիները, որոնց համար ավիաընկերությունները նոր տոմս չեն տրամադրել և ովքեր ինքնուրույն են ձեռք բերել վերադարձի նոր տոմս, կկարողանան ստանալ մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։
Խոսնակի խոսքով՝ նախաձեռնության վերաբերյալ արդեն մի քանի անգամ հրապարակային անդրադարձ է եղել, սակայն հաշվի առնելով քաղաքացիների մեծ հետաքրքրությունը՝ լրացուցիչ պարզաբանվում է, որ ընթացակարգի տեխնիկական և գործնական մանրամասները դեռ մշակվում են։
Կառավարության կողմից վերջնական որոշման ընդունումից հետո կհրապարակվեն դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլ մանրամասներ՝ պաշտոնական հարթակներում։