Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքը հրաժարվել է նոր աղբավայր կառուցելու ծրագրից՝ նախապատվությունը տալով ժամանակակից աղբահանության և վերամշակման գործարանի ստեղծմանը։
Այս հայտարարությունը հնչել է քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հանդիպման ընթացքում՝ կապված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ մշակված նախագծի քննարկման հետ։ Նախագիծը նախապես նախատեսում էր նոր աղբավայրի կառուցում, սակայն քաղաքային իշխանությունները չեն ընդունել այդ տարբերակը և առաջարկել են դադարեցնել դրա շուրջ աշխատանքները։
Քաղաքապետի խոսքով՝ նպատակն է ստեղծել համակարգ, որը կկարողանա արդյունավետ կառավարել ոչ միայն Երևանի, այլ նաև հարակից տարածքների թափոնները՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Միաժամանակ նշվում է, որ նախկինում քննարկվել էր նաև սանիտարական աղբավայրի անհրաժեշտությունը նույնիսկ վերամշակման գործարանի առկայության դեպքում։ Այնուամենայնիվ, Ավինյանը վերահաստատել է, որ նոր աղբավայր չի կառուցվի, իսկ գործող Նուբարաշենի աղբավայրը նախատեսվում է ապագայում փակել։