Չինական Huawei ընկերությունը քննարկում է Հայաստանում մարտկոցային կուտակիչ էլեկտրակայանների (BESS) կառուցման հնարավորությունը։
Հարցը քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և Huawei-ի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում։ Ընկերության փորձագետները ներկայացրել են նման համակարգերի ներդրման փորձը ԵՄ և Բալթյան երկրներում՝ ընդգծելով դրանց կարևորությունը հատկապես արևային էներգիայի մեծ բաժին ունեցող համակարգերում։
Քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են էներգիայի կուտակման տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում՝ որպես էլեկտրացանցի կայունության և արդյունավետության բարձրացման գործոն։ Նշվել է, որ նման կայանները կարող են հավասարակշռել արտադրությունն ու սպառումը և նվազեցնել համակարգային ռիսկերը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։
Միաժամանակ, ապրիլի 2-ին ՀՀ կառավարությունը նախատեսում է քննարկել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կսահմանվի մարտկոցային կուտակիչ էլեկտրակայանների կառուցման և շահագործման լիցենզավորման կարգը։ Նախատեսվում է, որ նման նախագծերի մրցույթները կկազմակերպվեն կարգավորող հանձնաժողովի միջոցով։